Միացեք մեզ

Լրահոս

«40 րոպե տեղափոխում էին բանտ և ամբողջ ճանապարհին առանձնակի դաժանությամբ ծեծում». BBC-ին զրուցել է Ադրբեջանում գերությունից վերադարձած հայերի հետ

556
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Հանրահայտ  BBC հեռուստառադիոկորպորացիան ռեպորտաժ է պատրաստել հայ գերիների մասին` նշելով, որ 
պատերազմը  Լեռնային Ղարաբաղում ավարտված է, բայց մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր մարդիկ, հաստատ ոչ ոք չգիտի, հայ զինծառայողներ մի քանի ամիս է, ինչ գտնվում են Բաքվի բանտերում: Նրանք տան համար նամակներում գրում են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց նրանք, ովքեր բախտ են ունեցել վերադառնալու, խոսում են անընդհատ ծեծի և անմարդկային վերաբերմունքի մասին: Զինվորականների հարազատները խնդրում են միայն մեկ բան՝ իրենց ամուսիններին, որդիներին և եղբայրներին վերադարձնել հայրենիք: Բայց իրավիճակը պարզ չէ. Ադրբեջանում ձերբակալվածները չեն համարվում ռազմագերիներ, այնտեղ նրանց մեղադրում են զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո իբր կատարված տարբեր հանցագործությունների համար:

«Ողջույն, իմ սիրելի ընտանիք: Նամակները ստացա և շատ ուրախ էի, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է: Ես լավ եմ, սիրելիներս: Պապ ջան, սիրելիս, մի հուսահատվիր: Ձեր որդին լավ է: Հոգ տարեք ձեր մասին, հետևեք առողջությանը: Մամ ջան, իմ սիրելի, թանկագին մայրիկ, հոգ տար քեզ, ոչ մի վայրկյան մի հուսահատվիր ու շատ մի անհանգստացիր: Պապ ջան, խնդրում եմ գնա մեր եկեղեցի, մոմ վառիր, սիրելիս»,-A4 թերթի վրա նամակը հայերենով գրված է 2021 թվականի մայիսի 25-ին: Ուղարկողը Սեդրակ Սողոմոնյանն է, որը անազատաության մեջ է գտնվում Բաքվում:

26-ամյա Սեդրակ Սողոմոնյանը տանն էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի մասին հռչակագիր են ստորագրել: 

«Իսկ հետո զանգահարեցին. դիրքերում հերթափոխ էր: Այնտեղ՝ սահմանին, ամեն մեկը հսկում է իր տարածքը: Նրանք նաև ուզում էին վերցնել կրտսեր որդուս, բայց ես նամակ գրեցի, որ չի կարելի միաժամանակ երկու մարդ տանից տանել», — պատմել է Սեդրակի հայրը՝  Սամվելը:

Վերջին անգամ հայրը և որդին հեռախոսով խոսել են դեկտեմբերի 13-ին, երեկոյան 16-ի սահմաններում: Սեդրակը ասել է, որ իրեն փոխարինում են, և որ շուտով կվերադառնա տուն: Դրանից հետո կապը խզվել է: Առավոտյան ընտանիքն իմացել է, որ որդին գերեվարվել է:

«Ադրբեջանցիները շրջապատել են նրանց: Ասել են` տղերք, զենքերը վայր դրեք և դուրս եկեք, մենք ձեզ կհանձնենք մոտակայքում կանգնած ռուսներին: Բայց չեն հանձնել, խաբել են», — պատմել  է Սամվել Սողոմոնյանը:

Սեդրակ Սողոմոնյանը և մյուս զինվորները տեղակայված էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում:  Այնտեղ հեռախոսակապը վատ է, տեղանքը՝ դժվարանցանելի: Պատերազմի վերջին գյուղը փաստացի գտնվել է առաջնագծում: Ըստ պայմանագրի՝ այդ հատվածում նոր գծում պետք է ռուս խաղաղապահներ լինեին: Սակայն համաձայնագրի կնքման պահին և հետագա մի քանի օրը բավական շատ շփոթություններ են եղել: Ռուս խաղաղապահներն իրենց քարտեզներում նշել են, որ գյուղն անցել է Ադրբեջանին և տեղակայվել են  գյուղից 15 կմ հեռու: Նույնը մտածում էին ադրբեջանցիները: Հայերը շարունակում էին իրենց զինվորներին փոխարինել գյուղի մերձակայքում գտնվող հենակետում:

Չճանաչված ԼՂՀ-ում դեկտեմբերի 12-ի իրադարձությունները նկարագրում են այսպես. հայ զինվորականները կանգնած են եղել Հին Թաղերում, երբ գյուղին մոտեցել են ադրբեջանցիներ և նշել, որ տարածքն իրենց է պատկանում: Հայերը չեն համաձայնել: Հրաձգություն է սկսվել: Ուղիղ հարցին, թե ով է փաստացի այդ պահին վերահսկել այդ տարածքը, չի կարողացել պատասխանել Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը. «Կարծում եմ՝ այդ տարածքը վերահսկվում էր Հայաստանի կողմից, սակայն ես պետք է նորից ճշտեմ»: Ադրբեջանը տեղի ունեցածն անվանում է հակաահաբեկչական գործողություն: Ռուս խաղաղապահները տեղի ունեցածից հետո արագ ուղղել են իրենց քարտեզները՝ պատասխանատվության գոտում ներառելով Հին Թաղերը: Այժմ Բաքուն ձերբակալվածներին անվանում է «զինված խմբավորման անդամներ»: 

BBC-ի այն հարցմանը, թե Հայաստանի քանի քաղաքացի է ձերբակալվել համանման մեղադրանքներով, Բաքուն չի պատասխանել: Հատկանշական է, որ Արման Թաթոյանի անձնական հաշավարկի համաձայն` խոսքն առնվազն 300 գերու մասին է:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ հայ ռազմագերիներին ստորացնելու մասին պնդումներն անհիմն են:

Հիմա հայրենիք վերադարձած հայ զինվորները խոսում են Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Հակոբ Հովհաննիսյանը ՝ լայն ժպիտով նիհարիկ տղան, անմիջապես խնդրում է չնշել իր իսկական անունը և զգուշացնում. «Եթե ինչ-որ բան ասելով կարող եմ վնասել այնտեղ գտնվող տղաներին, կնախընտրեի չխոսել…»:

Հակոբն ու մյուս ծառայողները շրջափակման մեջ են ընկել անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին` Մատաղիսում:  Շրջափակման մեջ են մնացել 20 օր, հետո գերի վերցվել:

«Մենք համոզված էինք, որ նրանք մեզ կանգնեցնելու են և սպանելու: Այս դեպքի համար մենք նռնակ ունեինք մեզ պայթեցնելու նպատակով, բայց չկարողացանք  հերոսի պես մեռնել»,-վերհիշել է Հակոբը, որը սկզբում հայտնվել է Բաքվի ռազմական ոստիկանության բաժանմունքում:

«Խցիկը մեծ էր: Սակայն մեզ պահում էին ձեռնաշղթաներով: Սկզբում խցիկում միայն մեկ ձերբակալված կար, հետո նրան տարան ու մենակ մնացի: Ծեծը շարունակվել է չորս օր` յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով: Զուգարան չէինք կարողանում գնալ: Ես չէի ուտում և չէի խմում երեք օր»,-պատմել է նախկին գերին:

Հինգերորդ օրը Հակոբին տեղափոխել են Ադրբեջանաի պետական անվտանգության ծառայության բաժանմունք, որտեղ ծեծը նորից շարունակվել է:

«Ամեն օր մեզ հարցաքննում էին և կրկին ծեծում, սակայն արդեն ավելի ուժեղ: Հոկտեմբերի 29-ին մեզ 40 րոպե տեղափոխում էին բանտ և ամբողջ ճանապարհին առանձնակի դաժանությամբ ծեծում»:

Հարցաքննության ժամանակ քննիչներին հետաքրքրել է տանկերի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բունկերի տեղը:

Լսելով Սեդրակ Սողոմոնյանի նամակի մասին, որում զինվորն ասում է, որ իրեն լավ է զգում, Հակոբը գլուխը շարժում է.«Այնտեղից անհնար է որևէ ազդանշան ուղարկել: Մեզ ասացին, որ եթե ավելորդ բան գրվի, նամակը տեղ չի հասնի: Կարմիր խաչը միանգամից չի վերցնում նամակները, նախ դրանք կարդում են Ադրբեջանի իշխանությունները, մարդիկ, ովքեր լավ խոսում են հայերեն: Հետևաբար, դուք փորձում եք գրել միայն` ամեն ինչ լավ է, ես կվերադառնամ տուն: Եվ ես նույն կերպ եմ գրել»:

Մեկ այլ գերի` Կարինա Սարգսյանը, սրբում է արցունքները: Նրա իրական անունը շատերին հայտնի է, բայց նա խնդրում է այն չնշել, քանի որ չի ցանկանում, որ իր պատմությունը կրկին հիշեն հայկական լրատվամիջոցները:  Մի քանի ամիս առաջ Կարինան դարձավ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հերոսուհին, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Տեսանյութում վերմակի մեջ փաթաթված կինը կանգնած է տան շեմին, երբ նրան են մոտենում երկու զինվոր. «Մենք ադրբեջանցի զինվորներ ենք, եկել ենք մեր հայրենիք»: «Բարի գալուստ ձեր տուն», — պատասխանում է կինը: 

«Երբ ինձ գերի վերցրին, ասացին` պետք է ձերոնց տեղեկացնենք, որ դու մեզ մոտ ես: Բայց պետք է կարդալ այս տեքստը`բարի գալուստ ձեր տուն։ Նրանք գտան մի ինչ-որ մառան, այնտեղ` ծածկոց, գցեցին վրաս։ Ես արդեն հազիվ էի կանգնում։ Նրանք ինձ վալերիանկա տվեցին։ Չնայած ես կասկածում եմ, որ դա վալերիանկա էր, որովհետև հանկարծ ամեն բան ինձ համար մեկ դարձավ։ Պարզապես մեկ»,-նշել է կինը։

«Ես զինվորական մարդ եմ, ինձ համար սա երրորդ պատերազմն է։ Երբ գնացի, այնտեղ (Ջրական, Ջեբրայիլ) շատ վիրավորներ կային, շատ դիակներ։ Եվ պետք էր առաջին օգնություն ցուցաբերել, որպեսզի հետո տղաներին ուղարկեինք հոսպիտալ։ Այստեղ թոքերի բորբոքում ստացա։ Եվ երբ նահանջելու ժամանակն էր, հասկացա, որ ծանր քաշի, այտուցների և հիվանդության պատճառով պարզապես չեմ կարող լեռներ բարձրանալ»,-նշել է Սարգսյանը` հավելելով, որ մնացել է մենակ։

Երեք օր Կարինա Սարգսյանը անցկացրել է շրջափակման մեջ։ Հետո դուրս է եկել  քիչ, թե շատ հարթ ճանապարհ և առաջ գնացել։ Ապա ձայներ է լսել։ Ադրբեջանցիներն էին։ Կինը թաքնվել է ձորակում, նրան չեն նկատել։ Նա գիտեր, որ ձորակից երեք կիլոմետր հեռու հայկական հոսպիտալն է։ Ձորակներով անցնելով ու շրջանցելով ադրբեջանցի զինվորներին՝ նա հասել է շենք։ Բայց այնտեղ արդեն մարդ չկար։ Տարածքն անցել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Նախկին հոսպիտալից ոչ հեռու լքված խանութ էր… Կարինան թաքնվել է շինությունում։ Մի քանի անգամ խանութ են մտել զինվորականներ, թեյ, սուրճ, ծխախոտ, թխվածք ու ջուր վերցրել։

«Բայց ինչ-որ պահի ես, հավանաբար, քնել եմ։ Եվ նրանք իմ խռմփոցից հասկացել են, որ շինությունում մեկը կա։ Ինձ սկզբում ծեծեցին փայտով։ Հետո, երբ ասացի, որ հանձնվում եմ, ինձ դուրս քաշեցին, բռնեցին մազերիցս, սկսեցին քարշ տալ այս ու այն կողմ, շորերս պատառոտել, ձեռք գցել։ Եվ կիսամերկ վիճակում 800 մետր աքացիներով քշեցին ինձ։ Չեք պատկերացնի. երբ դեպի քեզ են ձգվում այդ բոլոր գարշահոտ ձեռքերը, բայց ոչինչ անել չես կարող»,- վերհիշել է կինը։

Հետո եկել է «գլխավորը»՝ Իբրահիմը, որի կոչումն ու ազգանունը Կարինան չի հիշում։ Նա արգել է զինվորականներին ձեռք տալ կնոջը։ Դրանից հետո էլ նկարահանվել է հանրահայտ տեսանյութը, որտեղ Կարինան ողջունում է ադրբեջանցի զինվորականներին «իրենց տանը»։

Հատկանշական է, որ կինը զինվորական հագուստով չի եղել, և Իբրահիմը հավատացել է, որ նա տեղի բնակչուհի է։ Կարինային տարել են Բաքու, հիվանդանոց են պառկեցրել և անգամ արձանագրել ծեծի հետքերը։ Կնոջը մեքենա են նստեցրել, պտտել քաղաքով մեկ, ցույց տվել ծովափը, տեղի սրճարանում կերակրել կուտաբով ու փախլավայով։

«Իսկ հետո նրանք ասացին, որ պետք է հանդես գամ մամուլի ասուլիսով։ Նրանք ինձ տվեցին տեքստը, որը պետք էր կարդալ։ Ադ տեքստում ես մեղադրում էի Հայաստանն ագրեսիայի և հնարավոր բոլոր մեղքերի համար։ Իսկ վերջում պետք է ասեի, որ ոչ մի պատերազմ չենք ուզում, և Փաշինյանն է, որ հրաման է տվել հավաքել տղամարդկանց ու ուղարկել պատերազմ»,- նշել է կինը: 

Մամուլի ասուլիսից հետո Կարինային նորից հիվանդանոց են տարել։ Նույն օրվա երեկոյան ադրբեջանցիները պարզել են, որ կինը պարզապես խաղաղ բնակչուհի չէ։ Այդ պահից Կարինային տանում են մեկուսարան։ Սկսվում են հարցաքննությունները։

Դեկտեմբերին Կարինային հանձնել են Հայաստանին։ Հայրենի գյուղում նրան դիմավորել է Պուշոկը՝ միակ կենդանի էակը ընտանեկան տանը։ Հիշելով սիրելի կատվի մասին՝ Կարինան առաջին անգամ ժպտում է։



Իրավունք

Առանց կատալիզատորի՝ տեխզննումը չի վավերացվի․ Շրջակա միջավայրի նախարարությունը նոր փոփոխություն է առաջարկում.”hetq”

212

By

Եթե տեխզննության ժամանակ հայտնաբերվի, որ ավտոտրանսպորտային միջոցը չունի կատալիզային չեզոքարար, ապա տրանսպորտային միջոցի համար տեխզննում անցնելու կտրոնը չի տրամադրվի, և կհամարվի տեխզննում չանցած մեքենա։

Շրջակա միջավայրի նախարարությունը օրենսդրական փաթեթի փոփոխություններ է առաջարկում, որով փորձում է նվազեցնել օդի աղտոտվածությունը, որն առաջանում է ավտոմեքենաների կատալիզատորների (կատալիզային չեզոքարարների) հեռացման պատճառով։

Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ տեխզննում իրականացնող մարմինը տուգանելու իրավասություն չի ունենա, սակայն ընդհանուր համակարգում արձանագրվում է, և համապատասխան տեսչական մարմինը կարող է տուգանել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը։

«Եթե տեխզննման կտրոն չեն տալիս, ոստիկանական համակարգում գրանցվում է այդ փաստը, և կարող են կանգնեցնել մեքենան և տուգանել»,- նշում է Լուսինե Ավետիսյանը։ Այսինքն՝ տուգանքը կիրառվելու է ոչ թե կատալիզային չեզոքարար չունենալու, այլ տեխզննում չանցած լինելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն։

«Մենք այդ կատալիզատոր ունենալու պահանջն ամրագրում ենք տեխզննման մեջ»,- ասում է Լուսինե Ավետիսյանը։Հիշեցնենք, որ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած` ՀՀ կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերն ու օգտագործողները ապամոնտաժում և վաճառում են կատալիզային չեզոքարարները, որովհետև դրանց դիմաց բարձր գին են ստանում թանկարժեք մետաղների պարունակության համար։ Կատալիզային չեզոքարարների արտադրության համար կիրառում են ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում:

Առանց չեզոքացման այդ համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով շահագործման դեպքում վտանգավոր նյութերն (ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ) անարգել արտանետվում են մթնոլորտային օդ։ՇՄՆ ներկայացրած նախագծում նշվում է, որ դա չափազանց վտանգավոր է, առավել ևս, եթե այն ստանում է զանգվածային բնույթ, ինչը ներկայում նկատվում է Հայաստանի Հանրապետությունում։

Փոփոխությունների փաթեթի հիմնավորումներում նշվում է, որ կարգավորումը վերաբերում է 2020թ․-ից հետո ներմուծված տրանսպորտային միջոցներին։ Չնայած կան Կառավարության որոշումներ, ինչպես նաև ԵՏՄ պայմանագրի հավելվածում և ՄՄ հանձնաժողովի որոշմամբ հաստատված կարգավորումներ, սակայն դրանք ամբողջությամբ չեն կանոնակարգում այս դաշտը։ Հետևաբար, նոր փոփոխություններ են առաջարկվել։ Օրինակ՝ այս տարվա սեպտեմբերի 24-ին Կառավարության որոշմամբ հաստատվել էր ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կարգը, որտեղ «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի կետը պետք է լրացնել նոր ենթակետով՝ «անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված՝ բանած գազերի չեզոքացման համակարգը»։

ՇՄՆ-ն ենթադրել է, որ Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, և պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում էական փոփոխություններ չեն կանխատեսվում։

Նախագծերի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ին ընդունած «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականն արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դեր արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում։

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ևս անդրադարձել է այս փաթեթին՝ նշելով, որ նոր փոփոխություններով խիստ վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի ապամոնտաժման նկատմամբ։

Այս փոփոխություններով, սակայն, կատալիզատային համակարգեր գնողներ կամ վաճառք իրականացնողներին ոչինչ չի սպառնում։ Լուսինե Ավետիսյանն ասում է, որ դրանց վաճառքը չեն կարող արգելել, քանի որ կան մարդիկ, որոնք կուզենան ձեռք բերել կամ փոխել իրենց հին կատալիզային չեզոքացուցիչը, պետք է ինչ-որ մի տեղից ձեռք բերել։

Այստեղ էլ Էկոնոմիկայի նախարարությունն է որոշակի մեխանիզմներ մշակել․ մտադիր է արգելել դրանց՝ որպես թափոն արտահանելը։

2021թ․ օգոստոսին Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության որոշման նոր փոփոխություն է ներկայացրել, որով առաջարկել է ժամանակավոր՝ 6 ամիս արգելք կիրառել ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Նախագիծը շուտով Կառավարություն կներկայացվի։

Լուսինե Ավետիսյանն ասում է, որ սա ժամանակավոր է, և հնարավորություն կտա գնահատելու շարժը։

Կարդալ ավելին

Լրահոս

Արցախի բնակիչը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

182

By

Արցախի Ճարտար քաղաքի բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի, հաղորդում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ միջոցներ են ձեռնարկվում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։

«Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին

Լրահոս

Հայաստանում գրեթե ամեն երրորդն աղքատ է, բնակչության մոտ կեսը 53000 դրամից ավելի չի ծախսում

162

By

2020-ին Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 27%, որը 0,6% տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա 26,4%-ից։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է վիճակագրական կոմիտեի՝ «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020թթ․» զեկույցից։

2019-ից Հայաստանում օգտագործվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ չորրորդ մեթոդաբանությունը: Ըստ վերին գծի՝ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով մեկ ամսվա համար ցածր է եղել 53 641 դրամից։ Չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ 35 324 դրամից։ Ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 23 828 դրամից։

2020-ի համար հաշվարկվել է աղքատության միջին գիծ, որը ստորին և վերին աղքատության գծերի միջինն է: Ելնելով աղքատության միջին գծից՝ աղքատ է բնակչության 27%-ը, որի դեպքում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 44 482 դրամից։

Աղքատ բնակչության 8,6%-ը 0-5 տարեկան երեխաներ են։ Ընդհանուր բնակչության մեջ աղքատ երեխաները 6,8% են կազմում։

Գյուղական բնակավայրերում աղքատությունն ավելի մեծ տոկոս է կազմում՝ 33,6%: Քաղաքային բնակավայրերում աղքատության ցուցանիշը 22,5% է, իսկ մայրաքաղաք Երևանում ավելի քիչ՝ 19,9%։

2021-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63,5%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21,4%-ը՝ աշխատունակ տարիքից ցածր (0- 15 տարեկան), իսկ 15,1%-ը՝ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: Հայաստանի 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 575 մարդ (237 տարեց և 338 0-15 տարեկան երեխա):

Կարդալ ավելին

Իրավունք

Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կավելանա 2100 դրամով

362

By

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ավելացնել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Գործադիրի որոշմամբ՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանվել է 26 500 դրամ։ Այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2022թ․ հունվարի 1-ից այդ նպաստի չափը ավելացնել 2100 դրամով՝ դարձնելով 28 600 դրամ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդգծում է, որ որոշման նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:

Հավելենք, որ նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո

Կարդալ ավելին

Լրահոս

Մեծատառով մարդ և հրաշագործ բժիշկ. Զավեն Մելիքյան

2396

By

Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին, որ բժիշկն էլ անկաշկանդ բուժի

Նաիրի ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանը նշում է, որ հենաշարժական համակարգի հետ կապված շատ խնդիրներով են իրեն դիմում՝ մենիսկի ախտաբանություն, ոսկրա-մկանային վնասվածքներ, ներհոդային կոտրվածքներ, ազդրի վզիկի կոտրվածք, հոդերի դիսպլազիա, ոսկրային կամ փափուկ հյուսվածքային նորագոյացություններ, կիստաներ և այլն։ Սակայն բազմափորձ բժիշկը փաստում է՝ ամենաշատը դիմում են արթրոզներով և կոտրվածքներով։

Իր աշխատանքին նվիրված բժշկի պրոֆեսիոնալիզմի մասին շատ բան կարող են պատմել իր բուժառուները: Մասնագիտական բարձր կարողություններով երիտասարդ, եռանդուն ու բանիմաց բժիշկը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ կիրառելով ժամանակակից բժշկության ընձեռած հնարավորություննեը, պատրաստ է ամեն ջանք գործադրել՝ իր օգնությանն ապավինած բուժառուներին լիարժեք ապրելու և կյանքը լիաթոք վայելելու հնարավորություն ստեղծելու համար։

Իսկ խոսելով բժիշկ-բուժառու հարաբերությունների մասին՝ բժիշկ Մելիքյանը մատնանշում է․ «Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին»։

Ձեզ ենք ներկայացնում http://bestgroup.am/ -ի հարցազրույցը Նաիրի ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանի հետ.

-Բժի՛շկ, շնորհակալ ենք հարցազրույցի առաջարկը չմերժելու համար։ Որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք ձեր աշխատանքով։

-2006 թվականին ավատել եմ ԵՊԲՀ-ն, որից հետո Էրեբունի հիվանդանոցում անցել եմ կլինիկական օրդինատուրան՝ վնասվածքաբանության և օրթոպետիայի բաժանմունքում՝ 3 տարի, դրանից հետո էլ սկսել եմ աշխատել։ Օրդիանատուրայի ընթացում էլ բավականին աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց ինքնուրույն սկսել եմ 2010 թվականից՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում, որից հետո տեղափոխվել եմ Նաիրի ԲԿ։

— Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց այս մասնագիտությունը։

— Չեմ կարող ասել, չգիտեմ (ժպտում է, խմբ․)։ Տրավմատոլոգիան միշտ սիրել եմ, եթե հիմա հարց տայիք, թե տրավմատոլոգ չդառնայի՝ ի՞նչ մասնագիտություն կընտրեի բժշկության մեջ, երևի կդժվարանամ ասել։

— Բժի՛շկ, ովքե՞ր են Ձեր հիվանդները։

— Շատ բուժառուներ են դիմում, ամենաբազմազան խնդրներով։ Բայց զուտ մասնագիտական մասով եթե առանձնացնենք՝ հիմնականում արթրոզներով՝ հոդերի մաշվածության խնդիրներով, և կոտրվածքներով՝ ամենատարբեր, ամենաբազմաբնույթ ամենապարզից մինչև ամենաբարդ։ Հենաշարժական համակարգի հետ կապված շատ հարցերով են դիմում։

— Ինչո՞վ է բացատրվում արթրոզներով դիմելության բարձր լինել։

-Դժվար է ասել։ Ես չեմ կարող ասել՝ նախկինում դիմելությունն ինչքան է եղել, կամ ավելացե՞լ է թե՞ ոչ։ Հնարավոր է՝ նախկինում ավելի քիչ է եղել, բայց դա նաև դիագնոստիկայով կարող է պայմանավորված լինել։ Համենայն դեպս բնակչության հիվանդությունների մեջ քիչ մաս չի կազմում։ Բուն արթրոզի պատճառներ չեմ կարող առանձնացնել, որովհետև դրանք շատ-շատ են՝ սննդակարգից սկսած կենսակերպով վերջացրած։ Համարվում է ենթաաճարային մակարդակում նյութափոխանակության խանգարում, որի հետևանքով սկսվում է աճառի սնուցումը տուժել, նաև սինովիալ հեղուկը պակասում է, որն էլ բերում է աճառների սնուցման վատացման։

— Հնարավո՞ր է լինովին բուժել արթրոզը։

— Արթրոզը բուժում չունի։ Միակ վերջնական ռադիկալ բուժումը էնդոպրոթեզավորումն է։ Լինում են դեպքեր, երբ դեռ էնդոպրոթեզավորում անելու ենթակա չէ հոդը։ Այդ դեպքում փորձում ենք հիվանդին ուղղորդել ոչ վիրահատական բուժումներին, որը հիվանդին հնարավորություն է տալիս ավելի հարմարավետ զգալ, ցավեր չունենալ, շարժողականության ու աշխատունակության վրա հնարավորինս չազդի։ Դա կարող է լինել դեղորայքային բուժում, ֆիզիոթերապևտիկ բուժում՝ նայած՝ որ մոտեցումը ավելի օգտակար կլինի։

-Ավելի հաճախ ո՞ր փուլում են դիմում։

— Ամենատարբեր՝ սկզբնական շրջանից մինչև ամենածանր վիճակը։ Մարդիկ տարբեր բնավորություն ունեն։ Մարդու բնավորությունից է կախված՝ թե իր հետ ինչպես կաշխատենք։ Դրական աուրայով բուժառուների հետ բնականաբար հեշտ է աշխատել, բուժման ընթացքն էլ շատ ավելի լավ է ընթանում։ Իսկ մարդիկ կան՝ավելի նեգատիվ տրամադրվածություն ունեն և իրենց մոտ, որպես կանոն, բուժման պրոցեսը բարդ է ընթանում։ Ամեն ինչ անում ենք, որ լավ լինի (ժպտում է, խմբ․)։ Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին, որ բժիշկն էլ անկաշկանդ բուժի։ Եվ դա պետք է փոխադարձ լինի՝ բժիշկն էլ պետք է բուժառուին վստահի։ Փոխադարձ վստահության հիման վրա աշխատանքի արդյունքն ավելի լավ է լինում։

-Եվ մեր ավանդական հարցը՝ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։

-Ամենակարևորը՝ առողջություն և հաջողություն։ Թող հաջողակ լինեն ամե՛ն գործի մեջ։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ