Միացեք մեզ

Իրավունք

Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք զինծառայողներ կալանավորվել են

298
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 1130-ի սահմաններում, հակառակորդ ուժերը հարձակում են գործել Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված թվով 3 մարտական դիրքերի ուղղությամբ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված N դիրքի պատասխանատուն, N դիրքի ավագը և երկու դիտորդները խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված մարտական հերթապահության կրման կանոնները։

«Մասնավորապես, մարտական հերթապահություն իրականացնող դիրքերի զինծառայողները, տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, որպես մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմ ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն, փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի զինծառայողների հետ, ովքեր փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին։ Դիրքերի անձնակազմը, նշված գործողությունները կատարելու փոխարեն թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ, փախուստի դիմած դիրքերի ընդհանուր 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են. նրանցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի, Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայողներ (այդ թվում՝ վերոնշյալ 4 անձինք) ս.թ. նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։

2021 թվականի դեկտեմբերի 6-ին նշված N մարտական դիրքի պատասխանատու, լեյտենանտ Ս.Ա.-ն, N դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ա.Ա.-ն, դիտորդներ Ռ.Ն.-ն և Ա.Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով ձերբակալվել են։

Դեկտեմբերի 8-ին և 9-ին վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Միջնորդությունները Դատարանի կողմից բավարարվել են։

Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Ն.Ե.-ն, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված թիվ N մարտական դիրքի ավագ, խախտել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ: Գերեվարված զինծառայողներից Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը համապատասխանաբար նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, 4 զինծառայողներ (այդ թվում՝ մայոր Ն.Ե.-ն) ս.թ. դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, դիրքում մնացած 7 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։

2021 թվականի դեկտեմբերի 6-ին մայոր Ն.Ե.-ն ձերբակալվել է, վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը Դատարանի կողմից մերժվել է։ Դատարանի որոշումն ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու նպատակահարմարության հարցը քննարկելու միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ նույն զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու հանդիսացող գումարտակի հրամանատարի պաշտոնակատարին և N մարտական դիրքի դիտորդին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Վարույթն իրականացնող մարմինը հարկ է համարում անդրադառնալ և հանրությանը ներկայացնել նշված մարտական գործողությունների ընթացքում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս բացառիկ խիզախությամբ աչքի ընկած հայ դիրքապահների սխրանքները։ Մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված նշված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը հակառակորդի ուժերի հարձակման և գերեվարման փորձի պայմաններում չի հանձնվել հակառակորդին, ցուցաբերել է աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ խիզախություն և քաշելով նռնակի օղակը՝ պայթեցրել է իրեն»,-նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Իրավունք

Լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում․ ՔՊ-ն՝ որոշման մասին

240

By

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Զանգվածային լրատվության մասին օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Այս մասին ասվում է ՔՊ խմբակցության ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։ Ըստ առաջարկվող նախագծի` լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։ ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը, լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից, սահմանվում է նույնականացման տվյալների ցանկ, որոնք պարտադիր են լրատվական գործունեություն իրականացնողների համար (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ), վերախմբագրվել է ֆինանսական թափանցիկության մասին հաշվետվության հոդվածը՝ հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները և հաշվետվության ձևը (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ), նույնականացման տվյալների բացակայության և հաշվետվության հրապարակման պահանջի չկատարման դեպքում լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։ Չնույնականացվող աղբյուրների սահմանումը նորություն է ոչ միայն ներհայաստանյան օրենսդրության մեջ, այլեւ միջազգային պրակտիկայում, ինչը կօգնի ապօրինի տեղեկատվության դեմ պայքարի գործում։

Կարդալ ավելին

Իրավունք

Ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվողին, որը պատերազմին իբր անհետ կորել էր

308

By

Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները, ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 24-ին տեղեկություն ստացան առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։

Հավաստի տվյալների արագ իրացման շնորհիվ՝ հիշյալ վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկեցին Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի սեպտեմբերից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել էր համապատասխան մարմիններ ու հայտնել, որ իրենց որդին գնացել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու և անհետ կորել։

Երիտասարդի տվյալները հաշվառվել էին անհետ կորածների ցուցակում, սակայն ոստիկանության ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ փաստվեց, որ ոչ միայն նրա ծնողը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էին հայտնել համապատասխան մարմիններին, այլև սպանության մեղադրանքով հետախուզվողը բերվեց քրեական պատասխանատվության դաշտ։

Նախաքննությունը շարունակվում է

Կարդալ ավելին

Իրավունք

Վիճաբանություն և կրակոցներ Բերքանուշ գյուղում

218

By

Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 21-ին Բերքանուշ գյուղի Շահումյան փողոցում նույն գյուղի 26 և 38 տարեկան երկու բնակիչ վիճել են, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իրար` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո նրանցից մեկը մեքենայից հանել է որսորդական հրացանը և կրակոցներ արձակել

Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն, իսկ 26-ամյա երիտասարդը ներկայացրել է իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը:

Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Կարդալ ավելին

Իրավունք

Դանակի սպառնալիքով օտարերկրացի տղամարդու պայուսակը հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են

176

By

Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին փոխանցվել է ավազակության մասին հաղորդում:

Օտարերկրացի տղամարդը հայտնել է, որ իրեն մոտեցել են անծանոթ անձինք ու դանակով սպառնալով՝ հափշտակել պայուսակը, որի մեջ հագուստ, բջջային հեռախոս ու դրամապանակ կար։ Դեպքը Փարպեցու փողոցում է եղել։

Մեկնած քրեական հետախույզները տարածքում օպերատիվ հարցումներ են իրականացրել։ Բացահայտման աշխատանքներին միացել են Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Օպերատիվ հարցումներից բացի, համատեղ իրականացվել են նաև այլ հետախուզական միջոցառումներ, որոնք դեպքից ժամեր անց արդյունք են տվել: Պարզվել է ավազակություն արած անձանց ինքնությունն ու բնակության հասցեները։ Երևանի բնակիչ՝ 37 և 35 տարեկան երկու տղամարդկանց հայտնաբերելու միջոցառումներն արդյունք են տվել դեկտեմբերի 22-ին։ Կասկածվողները լուսադեմին հայտնաբերվել են ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Նրանք ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Կարդալ ավելին

Իրավունք

Աղմկահարույց սպանությունից հետո պարուսույց Լարիսա Հակոբյանն առաջին անգամ «խոսել է». նոր մանրամասներ

332

By

Պարուսույց Լարիսա Հակոբյանն իր տանը տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո առաջին անգամ ինստագրամյան էջի սթորի բաժնում եղբոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Աստծուն խնդրում եմ՝ արդարություն լինի»,- գրել է նա:

Պարզելու համար, թե ի՞նչ փուլում է գտնվում սպանության հիմքով հարուցված քրեական գործը կապ հաստատեցինք Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի հետ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ գործը նախաքննական փուլում է․ «Լարիսա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չկա։ Կալանավորված է նրա եղբայրը՝ Մոնթեն, մայրը ստորագրություն է տվել՝ երկրից չհեռանալու մասին»,- նշեց նա։ 

Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Իրավապահները հայտնաբերել էին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով։

Նշենք, որ տեղի ունեցած սպանության գործով կար 3 կալանավորված անձ․ ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ նրանք էին՝ 27-ամյա պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավար Լարիսա Հակոբյանը (սպանված Արսեն Սիմոնյանի սիրելի էր), նրա  եղբայրը՝ Մոնթեն ու մայրը։ 

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ