Միացեք մեզ

Քաղաքականություն

«Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակենք նոր ծավալներով». Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

126
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մտնում է նոր շրջափուլ, որում շատ կարեւոր են միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հնչեցված բարձր գնահատականները ընտրությունների որակյալ անցկացման ու արձանագրված արդյունքների վերաբերյալ:

Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, կարեւորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը ընտրությունների ու հետագայում հայ-ամերիկյան համագործակցության ուղղությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ երկկողմ համագործակցության արդյունքներից մեկն արդեն տեսանելի կլինի մի քանի օրից, երբ Հայաստանում կսկսի իր գործունեությունը պարեկային նոր ծառայությունը:

«Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակենք նոր ծավալներով»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարեւորելով երկկողմ գործակցությունը տարբեր ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումների կյանքի կոչման գործում:

Նիկոլ Փաշինյանն առանձնակի ընդգծել է ԱՄՆ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ կարեւորել համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՄԽ համանախագահությունը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես միջնորդ ԼՂ բանակցային գործընթացում, այլեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր գործոն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայում ունենք մի իրադրություն, երբ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործունեությունը եւ այդ իրադրությունը կառավարելու գործում կարեւորվում է ոչ միայն համանախագահների, այլեւ ԱՄՆ  դերակատարությունը:

Դեսպան Լին Թրեսյին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս բարեփոխումների օրակարգի առաջնահերթություններն առաջ մղելու նպատակով: Այդ առումով առանցքային է համարվել փոխգործակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրական գործընթացների զարգացման ոլորտներում:

Դեսպանը նշել է նաեւ ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեությանը՝ բանակցային ձեւաչափի վերականգնման ու հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնային նշանակություն են շարունակում մնալ կոռուպցիայի դեմ պայքարը եւ այդ գործում գործադիրն առաջնորդվելու է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ: Վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթությունների թվում նշել է նաեւ դատական համակարգի բարեփոխումը եւ վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին այն իրապես կլինի անկախ: «Վստահ եմ, այս ամենի արդյունքում ժողովրդավարությունը ոչ միայն անշրջելի է դառնալու, այլեւ արմատավորվելու է Հայաստանում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նա նաեւ կարեւորել է Զինված ուժերի, կրթության բնագավառի բարեփոխումները, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացումը, թվայնացման գործընթացը, որը  կրելու է ինտենսիվ բնույթ:

Նիկոլ Փաշինյանն ու դեսպան Թրեյսին անդրադարձել են նաեւ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով եւ հիշեցրել, որ հարցի լուծման նպատակով ավելի վաղ հանդես է եկել նաեւ համապատասխան առաջարկով:  Պարոն Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերը Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցում եւ հավելել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

«5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ

276

By

Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ իրենց գործունեությունն առանձին են այսուհետ ծավալելու:

«Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:

Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք:

Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու…համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա:

Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված:

Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- գրել է Տոնոյանը:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հայտարարություն են ընդունել

360

By

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ավարտվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը

302

By

Ավարտվել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։

Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։«Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար»,- հայտնել Է Պեսկովը։

Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունենում Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ղարաբաղում ապագա խաղաղ կյանքի համար պայմաններ են ստեղծվում. Վլադիմիր Պուտին

254

By

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:

«Այս ընթացքում, իսկապես, քիչ բան չի արվել: Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Գիտեմ նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում, վիրավորում են ստանում: Այդ ամենը մեր կողմից հատուկ ուշադրության պետք է արժանանա: Ըստ էության, հենց դրա համար էլ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի խուսափենք նմանատիպ միջադեպերից ապագայում: Բայց ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել: Առաջին հերթին՝ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն ինքնին արդեն լավ է: Այս ընթացքում մեր աջակցությամբ համատեղ աշխատանք է իրականացվել փախստականներին վերադարձնելու նպատակով, 53 հազար փախստական արդեն վերադարձել են իրենց մշտական բնակության վայրերը: Ստեղծված է լավ մշտադիտարկող խումբ, աշխատում է խաղաղապահ զորամիավորումը և որքան ես եմ հասկանում, երկու կողմերի գնահատմամբ, արժանապատվորեն է աշխատում՝ ապահովելով մարդկանց համար կյանքի անվտանգ պայմանները: Աշխատում է նաև ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Բայց ամենակարևորը այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագա խաղաղ կյանքի համար: Ահա, թե ինչն է կարևոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահն անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

446

By

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արդեն երեկոյան՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկխոսության ավարտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրություն ունի»,- ասել է Պեսկովը:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ