Միացեք մեզ

Հասարակություն

Երևանում էին խնդրանքով՝ ավելի ակտիվացնել գերիներին վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները

214
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ադրբեջանում դատապարտված կամ վճռի սպասող շիրակցի գերիների ծնողները այսօր առավոտից Երևանում էին. նախ ուզում էին շնորհակալություն հայտնել արդեն արված աշխատանքի համար և ևս մեկ անգամ խնդրել, որ գերիներին վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները ավելի ակտիվացվեն։ Առաջին կանգառը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն էր:

«Հիմա փստաթղթերի փաթեթ կփոխանցենք պարոն դեսպանին, որի մեջ նշված է, թե Ադրբեջանի Հանրապետությունը ինչ վայրագություններ է կատարել մեր ռազմագերիների նկատմամբ», — ասաց հավաքվածներից մեկը:

Նոյեմբերի 9-ին, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո այդ ժամանակ դեռ հայկական վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից նախ շրջափակման մեջ հայտնված, այնուհետև գերեվարված շիրակցի 64 զինծառայողների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել՝ լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով։ Մեծ մասի դատավճիռներն արդեն կայացվել են, պատժի ամենափոքր ժամկետը եղել է 6 ամիսը, որոշները դատապարտվել են 6 կամ 15 տարվա ազատազրկման, ամենաերկարը՝ 20 տարին է, որի վճիռը այսօր է կայացվել։

Գերեվարումից գրեթե 8 ամիս է անցել, այս ընթացքում Կարմիր խաչի միջնորդությմաբ ծնողները կարողացել են հեռախոսով ու տեսահաղորդագրությունների միջոցով տեղեկություն ստանալ իրենց որդիներից։

«Գլուխը կախ խոսում էր տեսանյութով, զանգով էլ ասում է՝ պապա ջան, մի օր կգանք, բայց մի օրը մենք չենք իմանում երբ է», — ասաց հավաքվածներից մեկը:

Գերիների հարազատների հետ հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը։ Լսեց նրանց խնդրանքն ու հավատացրեց, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է՝ ամենաբարձր մակարդակով և հայ-ֆրանսիական կառավարությունների բոլոր հանդիպումների ժամանակ գերիների հարցը քննարկվում է։

«Ուղղակի խնդրում եմ, մենք էլ ուրիշ ճար չունենք, 8 ամսի է սպասում ենք, շատ դժվար է, խնդրում ենք ինչքան հնարավոր է օգնեք՝ մեր տղաները օր առաջ վերադառնան քանի շունչ կա բերանները, մենք հազար սուգ ենք տեսել, էլ չենք դիմանում», — ասաց ծնողներից մեկը։

«Այն բոլոր խնդիրների մեջ, որ առաջացել են պատերազմի հետևանքով, մենք լիովին գիտակցում ենք, որ գերիների հարցը ամենահրատապն է։ Նրանց ազատումը պարտադիր է նաև միջազգային իրավունքի հիմքով։ Գերիները չպետք է օգտագործվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, իսկ Ֆրանսիան պահպանում է իր կարողությունները երկու կողմերի հետ խոսելու։ Ինչ վերաբերում է վտանգներին, ապա նրանք եթե իդենտիֆիկացված են որպես գերի, ինչ-որ առումով արդեն պաշտպանված են», — ասաց Լաքոթը։

Ֆրանսիայի դեսպանատան մոտից գերիների հարազատները դեպի Ռուսաստանի դեսպանատուն գնացին, այնտեղ կարճատև կանգառից հետո շարժվեցին դեպի Ազգային ժողով։ Բոլոր տեղերում խնդրանքը մեկն էր՝ շուտափույթ քայլեր ձեռնարկել և հետ վերադարձնել գերիներին։ Հարազատների շարքերում էր նաև Գևորգ Ասատրյանը, ով ևս գերեվարվել էր Խծաբերդից և դատապարտվել 6 ամսվա ազատազրկման ու հետ էր վերադարձվել՝ հուլիսի 3-ին՝ գերիների 15 հոգանոց խմբի հետ։ Գերիների այդ խմբի դիմաց Հայաստանը տրամադրել էր Աղդամի ականապատման քարտեզները։

«Բոլորս իրար հետ ենք եղել՝ առանձին խցերում: Մեր խնդրանքը մեկն է, որ մեր ղեկավարությունը ամեն ինչ անի, որ մեր տղաները վայրկյան շուտ վերադառնան մեզ», — ասաց Ասատրյանը:

Մինչ Հայաստանում հուսահատ ծնողները փորձում են հնարավոր բոլոր միջոցներով իրենց երեխաների վերադարձի հարցը արագացնել, Ադրբեջանը շարունակում է նոր՝ ավելի խիստ վճիռներ կայացնել։ Այսօր 20 տարվա ազատազրկման են դատապարտվել ևս երկու հայ ռազմագերիներ՝ Ալյոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանը, ովքեր մեղադրվում են արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցիներին իբրև թե «խոշտանգելու, դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ»:

Նրանք առաջին տասը տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք փորձագետներ պնդում են, թե գործը շինծու է, դատավարությունն էլ ընթացել է բազմաթիվ խախտումներով։ Արդյոք դատապարտված գերիները ստիպված կլինեն ողջ պատիժը կրել Ադրբեջանո՞ւմ, թե՞ վերադարձնելու հույս կա, այս հարցին պատասխանեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Կա դատապարտյալների հանձնման վերաբերյալ եվրոպական կոնվենցիան, որով խրախուսվում է, որ անձը շարունակի պատիժը կրել իր հայերնիքումմ նույն մեխանիզմն է, որով Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջան, բայց դա սովորաբար արվում է երաշխիքով, որ չեն ազատվի», — ասաց Ղազարյանը:

Ադրբեջանը միայն 45 գերեվարված անձանց մասին է տեղեկություններ տալիս, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Հասարակություն

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները

208

By

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, որոնք գերեվարվել էին Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին։

«Հայկական ժամանակ»-ին հայտնի են դարձել Հայաստան վերադարձած գերիների անունները.

Հակոբյան Գեւորգ Արայիկի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Հակոբյան Տիգրան Արմենի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Թևոսյան Արման Արթուրի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի:

Կարդալ ավելին

Իրավունք

Առանց կատալիզատորի՝ տեխզննումը չի վավերացվի․ Շրջակա միջավայրի նախարարությունը նոր փոփոխություն է առաջարկում.”hetq”

208

By

Եթե տեխզննության ժամանակ հայտնաբերվի, որ ավտոտրանսպորտային միջոցը չունի կատալիզային չեզոքարար, ապա տրանսպորտային միջոցի համար տեխզննում անցնելու կտրոնը չի տրամադրվի, և կհամարվի տեխզննում չանցած մեքենա։

Շրջակա միջավայրի նախարարությունը օրենսդրական փաթեթի փոփոխություններ է առաջարկում, որով փորձում է նվազեցնել օդի աղտոտվածությունը, որն առաջանում է ավտոմեքենաների կատալիզատորների (կատալիզային չեզոքարարների) հեռացման պատճառով։

Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ տեխզննում իրականացնող մարմինը տուգանելու իրավասություն չի ունենա, սակայն ընդհանուր համակարգում արձանագրվում է, և համապատասխան տեսչական մարմինը կարող է տուգանել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը։

«Եթե տեխզննման կտրոն չեն տալիս, ոստիկանական համակարգում գրանցվում է այդ փաստը, և կարող են կանգնեցնել մեքենան և տուգանել»,- նշում է Լուսինե Ավետիսյանը։ Այսինքն՝ տուգանքը կիրառվելու է ոչ թե կատալիզային չեզոքարար չունենալու, այլ տեխզննում չանցած լինելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն։

«Մենք այդ կատալիզատոր ունենալու պահանջն ամրագրում ենք տեխզննման մեջ»,- ասում է Լուսինե Ավետիսյանը։Հիշեցնենք, որ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած` ՀՀ կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերն ու օգտագործողները ապամոնտաժում և վաճառում են կատալիզային չեզոքարարները, որովհետև դրանց դիմաց բարձր գին են ստանում թանկարժեք մետաղների պարունակության համար։ Կատալիզային չեզոքարարների արտադրության համար կիրառում են ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում:

Առանց չեզոքացման այդ համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով շահագործման դեպքում վտանգավոր նյութերն (ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ) անարգել արտանետվում են մթնոլորտային օդ։ՇՄՆ ներկայացրած նախագծում նշվում է, որ դա չափազանց վտանգավոր է, առավել ևս, եթե այն ստանում է զանգվածային բնույթ, ինչը ներկայում նկատվում է Հայաստանի Հանրապետությունում։

Փոփոխությունների փաթեթի հիմնավորումներում նշվում է, որ կարգավորումը վերաբերում է 2020թ․-ից հետո ներմուծված տրանսպորտային միջոցներին։ Չնայած կան Կառավարության որոշումներ, ինչպես նաև ԵՏՄ պայմանագրի հավելվածում և ՄՄ հանձնաժողովի որոշմամբ հաստատված կարգավորումներ, սակայն դրանք ամբողջությամբ չեն կանոնակարգում այս դաշտը։ Հետևաբար, նոր փոփոխություններ են առաջարկվել։ Օրինակ՝ այս տարվա սեպտեմբերի 24-ին Կառավարության որոշմամբ հաստատվել էր ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կարգը, որտեղ «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի կետը պետք է լրացնել նոր ենթակետով՝ «անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված՝ բանած գազերի չեզոքացման համակարգը»։

ՇՄՆ-ն ենթադրել է, որ Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, և պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում էական փոփոխություններ չեն կանխատեսվում։

Նախագծերի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ին ընդունած «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականն արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դեր արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում։

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ևս անդրադարձել է այս փաթեթին՝ նշելով, որ նոր փոփոխություններով խիստ վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի ապամոնտաժման նկատմամբ։

Այս փոփոխություններով, սակայն, կատալիզատային համակարգեր գնողներ կամ վաճառք իրականացնողներին ոչինչ չի սպառնում։ Լուսինե Ավետիսյանն ասում է, որ դրանց վաճառքը չեն կարող արգելել, քանի որ կան մարդիկ, որոնք կուզենան ձեռք բերել կամ փոխել իրենց հին կատալիզային չեզոքացուցիչը, պետք է ինչ-որ մի տեղից ձեռք բերել։

Այստեղ էլ Էկոնոմիկայի նախարարությունն է որոշակի մեխանիզմներ մշակել․ մտադիր է արգելել դրանց՝ որպես թափոն արտահանելը։

2021թ․ օգոստոսին Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության որոշման նոր փոփոխություն է ներկայացրել, որով առաջարկել է ժամանակավոր՝ 6 ամիս արգելք կիրառել ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Նախագիծը շուտով Կառավարություն կներկայացվի։

Լուսինե Ավետիսյանն ասում է, որ սա ժամանակավոր է, և հնարավորություն կտա գնահատելու շարժը։

Կարդալ ավելին

Հասարակություն

Հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի հետեւյալ բարձրացումները

154

By

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արդեն 2022 թվականի հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի հետեւյալ բարձրացումները.

Լաբորանտ՝ 67 հազարից՝ 102 հազար դրամ, աճը՝ 52 տոկոս:

Ավագ լաբորանտ՝ 76 հազարից՝ 110 հազար դրամ, աճը՝ 44 տոկոս:

Կրտսեր գիտաշխատող՝ 85 հազար 800-ից 120 հազար դրամ, աճը՝ 40 տոկոս:

Ավագ գիտաշխատող՝ 99 հազարից 200 հազար դրամ, աճը՝ 102 տոկոս:

Առաջատար գիտաշխատող՝ 114 հազար 300-ից 250 հազար դրամ, աճը՝ 118 տոկոս:

Գլխավոր գիտաշխատող՝ 138 հազար 100-ից 367 հազար 100 դրամ, աճը՝ 165 տոկոս:

Գիտական խմբի ղեկավար՝ 129 հազար 100-ից 230 հազար դրամ, աճը՝ 78 տոկոս:

Գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 141 հազար 400-ից 350 հազար դրամ, աճը՝ 147 տոկոս:

Կարդալ ավելին

Հասարակություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն

242

By


Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։

Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։

ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ։

[ԱՀ ազգային անվտանգության ծառայություն]

Կարդալ ավելին

Լրահոս

Արցախի բնակիչը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

182

By

Արցախի Ճարտար քաղաքի բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի, հաղորդում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ միջոցներ են ձեռնարկվում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։

«Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ