Միացեք մեզ

Քաղաքականություն

Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները

230
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն 20․07․2021թ․ կմեկնի Մոսկվա` նախագահ Պուտինի հետ հանդիպման: «Այցը աշխատանքային է` դիրքորոշումները հստակեցնելու համար, փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ»,֊ — երեկ հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ալիևի այցը համընկավ հայ — ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում անցած շաբաթ սկիզբ առած նոր լարվածության հետ: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երեկ երեկոյան 6-ից ադրբեջանական զինուժը մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Բաքուն, իր հերթին, պնդում է, թե հայկական զինուժն է սրել իրավիճակն ու կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ավելի վաղ կտրուկ սրվել էր իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներում. մայիսից հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ տեղակայվել են Սև լճի մերձակայքում, պնդում են, թե տարածքն իրենցն է, և չեն հեռանում:

Երկու կողմն էլ հավաստիացնում են, թե պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման` հնարավոր բախման պատասխանատվությունը դնելով դիմացինի վրա:

Ռուսաստանի նախագահը, որն առիթը բաց չի թողնում ընդգծելու, թե անցած տարվա 44-օրյա պատերազմը կանգ է առել իր համառ ջանքերի ու միջնորդության շնորհիվ, ռազմական գործողոթյունների հնարավոր վերսկսման և արդեն երրորդ ամիսը շարունակվող լարվածության ֆոնին՝ այսօր, առաջին անգամն է հանդիպում Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին: Այցին ընդառաջ Կրեմլը հաղորդել է, որ հենց տարածաշրջանային իրավիճակն է լինելու քննարկման առանցքում: «Հիմնական ուշադրությունը կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման գործնական կողմերին, այդ թվում՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու զարգացման խնդիրների լուծմանը», — երեկ հայտարարեց Ռուսաստանի նախագահական նստավայրը:

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, նույն օրակարգով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն էր մեկնել Մոսկվա: Ընդ որում, ընդունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և ընդգծել` դա կօգնի լուծել առկա զգայուն հարցերը: «Բարդ խնդիրները հնարավոր է կարգավորել միայն ժողովրդի աջակցությամբ, որը Դուք ստացել եք», — ասել էր Պուտինը Փաշինյանին: Թե այդ ինչ բարդ հարցերի մասին է խոսքը, Պուտինը չէր հստակեցրել: Կողմերը մանրամասներ չէին հաղորդել նաև դռնփակ բանակցությունների ավարտին: Հայտնի է միայն, որ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո կողմերի միջև բարձրաստիճան հանդիպումների ակտիվ շարք էր սկսվել:

Այսպես, հուլիսի 13-ին Բաքու էր մեկնել Ռուսաստանի փոխվաչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով հայաստանցի և ադրբեջանցի գործընկերների հետ մի քանի ամիս է` քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման ու հաղորդակցության ուղիների բացման հնարավորությունները:

Հաջորդ օրը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր այցելել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին, Փաշինյանն, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծել էր Ռուսաստանի առանցքային դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում:

Անցած շաբաթավերջին էլ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր այցելել Երևան, ապա` Բաքու: Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները, փաստացի, եվրոպացի դիվանագետի միջոցով միմյանց մի քանի ուղերձ էին փոխանցել. Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե հակամարտության կարգավորումը ռազմական ուժով ընդունելի չէ, և անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Ալիևը հակադարձել էր` ղարաբաղյան խնդիրն այլևս լուծված է, ժամանակն է խաղաղության էջը բացել: Ընդ որում, խոսելով ապագայի մասին՝ Ադրբեջանի նախագահը նոր նախապայման էր առաջ քաշել և պնդել, թե տարածաշրջանում բոլոր ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա միաժամանակ և առանց որևէ խտրականության:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

«5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ

300

By

Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ իրենց գործունեությունն առանձին են այսուհետ ծավալելու:

«Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:

Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք:

Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու…համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա:

Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված:

Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- գրել է Տոնոյանը:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հայտարարություն են ընդունել

378

By

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ավարտվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը

320

By

Ավարտվել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։

Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։«Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար»,- հայտնել Է Պեսկովը։

Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունենում Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ղարաբաղում ապագա խաղաղ կյանքի համար պայմաններ են ստեղծվում. Վլադիմիր Պուտին

284

By

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:

«Այս ընթացքում, իսկապես, քիչ բան չի արվել: Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Գիտեմ նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում, վիրավորում են ստանում: Այդ ամենը մեր կողմից հատուկ ուշադրության պետք է արժանանա: Ըստ էության, հենց դրա համար էլ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի խուսափենք նմանատիպ միջադեպերից ապագայում: Բայց ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել: Առաջին հերթին՝ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն ինքնին արդեն լավ է: Այս ընթացքում մեր աջակցությամբ համատեղ աշխատանք է իրականացվել փախստականներին վերադարձնելու նպատակով, 53 հազար փախստական արդեն վերադարձել են իրենց մշտական բնակության վայրերը: Ստեղծված է լավ մշտադիտարկող խումբ, աշխատում է խաղաղապահ զորամիավորումը և որքան ես եմ հասկանում, երկու կողմերի գնահատմամբ, արժանապատվորեն է աշխատում՝ ապահովելով մարդկանց համար կյանքի անվտանգ պայմանները: Աշխատում է նաև ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Բայց ամենակարևորը այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագա խաղաղ կյանքի համար: Ահա, թե ինչն է կարևոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահն անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

468

By

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արդեն երեկոյան՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկխոսության ավարտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրություն ունի»,- ասել է Պեսկովը:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ