Միացեք մեզ

Լրահոս

«Ախր, որ թուրքը խփեր, մեր վիշտն ուրիշ կլիներ». դեկտեմբերի 31-ին սպանված զինվորի տանն Ամանորը սգի վերածվեց. Sputnik

84
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Սևան քաղաքի «Միկրո» կոչվող թաղամաս մտնող փողոցի վերևում սև, մեծ ժապավեն է փակցված, որի վրա գրված է «Մովսես 18»։ Սևանում յուրաքանչյուր երկրորդ մարդը ցույց է տալիս Մովսեսենց տան տեղը` զինվորի սպանության լուրն Ամանորի օրը ցնցել է քաղաքը, գրում է Sputnik Արմենիան:

Պաշտպանության նախարարությունը հունվարի 4-ին հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորում տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Տղային սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը։

Նույն օրն էլ ընտանիքին հայտնել են Մովսեսի սպանության լուրը. այդ օրն առավոտյան, երբ կանայք նախատոնական եռուզեռի մեջ են լինում, Մասիսում բնակվող Մովսեսի քույրը` Մելանյան, ամուսնու հետ շտապել է Սևան քաղաք։ Մելանյայի ամուսինը կնոջը ոչինչ չի ասել` միայն նշել է, որ պետք է ծնողների կողքին լինի։

«Երկու եղբայրներս բանակում էին` նույն տեղում էին ծառայում. նրանցից մեծի` Հովսեփի հետ առավոտյան խոսել էի, բայց Մովսեսը չէր պատասխանել զանգերիս։ Ամուսինս շատ նյարդային էր վարում, և չէի ուզում նրան խոսեցնել, որ հանկարծ ավտովթարի չենթարկվենք… Ես միշտ հավատացել եմ Ամանորի հրաշքին, սպասել Նոր տարուն, որ երազանք պահեմ այդ գիշեր. մերոնց տուն գալիս մտքումս աղոթում էի` տեր Աստված, խնդրում եմ, միայն թե մեր շենքի մուտքի առջև լույս միացրած չլինեն։ Հրաշք տեղի չունեցավ, Ամանորի հեքիաթը փլվեց` փոքրիկ լույս էր միացված»,–ասում է Մելանյան։

Նրանց շենքի առջև լույսը միացրած է անգամ մեր այցի ժամանակ` կեսօրին։ Չնայած դրան, Մովսեսենց մեկ սենյականոց բնակարանում կիսամութ է` լույս միացնելու կարիք չկա, ամեն մեկն ուզում է մթության մեջ իր անկյունը գտնել։ Փոքրիկ տանը շատ մարդ կա` բոլորն իրար գլխի են հավաքվել. Մովսեսը երկու քույր ունի, որոնք ամուսնացած են և 3 եղբայր։

Եղբայրներից ավագը` Սրապիոնը, մեկ ամիս էլ չկա, որ ամուսնացել, առանձնացել և վարձով է ապրում, մյուս եղբայրը` Հովսեփը, Մովսեսի հետ է ծառայել և հիմա մի քանի օրով տուն է եկել։ Իսկ նրանց փոքր եղբայրը` Պետրոսը, հաջորդ տարի պետք է բանակ գնա։ Տանը հին կահույք է դրված, վերանորոգումն էլ հին է, ճաքած պատերի վրա խնամքով գաջ են քսել։ Ոնց են 6 երեխաներով և ամուսիններով տեղավորվել 1 սենյականոց բնակարանում, ապրել առանց հիմնական աշխատանք ունենալու` միայն իրենք գիտեն։

Մովսեսի հայրը ծխախոտը ծխախոտի ետևից ծխում է, և աչքը չի կտրում տղայի` շրջանակի մեջ դրված նկարից. բոլորն ինչ–որ բան են խոսում` Մովսեսի մասին հուշեր պատմում, և միայն վերջինիս հետ ծառայած Հովսեփն է լուռ, տնից դուրս գալու պատրվակ է փնտրում։ Սակայն մայրը` տիկին Լիլիկը, չի թողնում նրան մենակ մնալ, դուրս իջնել` մյուսներին էլ զգուշացնելով, թե «աչքներդ Հովսեփից չկտրեք»։

Տիկին Լիլիկը պատմում է, որ Հովսեփին խաբել և ասել են, թե եղբայրն ինքնասպան է եղել, 2 շաբաթով թող տուն գնա։ «Բայց ես գիտեի, որ ինքնասպանություն չի, քանի որ տղերքն ասացին` իրեն կցված զենքից չի հնչել կրակոցը։ Մովսեսը ոչ ինքն իր հետ, ոչ էլ ուրիշների հետ խնդիրներ չի ունեցել»,–ասում է Հովսեփն ու դուրս գալիս սենյակից։ Նա օրեր անց կրկին պետք է մեկնի ծառայության. նույն զորամասում է շարունակելու ծառայությունը։

Հայրը` Արամայիսը, ասում է, որ ամենաշատը հիմա Հովսեփը պետք է ուժեղ լինի, որ կարողանա եղբորը հիշեցնող նույն տեղերում ծառայի։ «Ախր, որ թուրքը խփեր, մի քիչ ուրիշ կլիներ մեր վիշտը, գոնե կիմանայինք, որ հողը պաշտպանելիս է եղել։ Բայց մի չնչին պատճառով ջահել-ջիվան տղայիս խլեցին ինձնից»,–ասում է Արամայիսը ու հավելում, որ փոքր վիճաբանությունից է սկսել ամեն ինչ։

Ընտանիքը լուրեր ունի, որ կալանավորված տղային Մովսեսը նկատողություն է արել դիրքերում քնելու համար, որը վերածվել է վիճաբանության, ու դեկտեմբերի 31-ի առավոտյան կրակել են Մովսեսի գլխին։ Սակայն նշում են, որ սրանք լուրեր են և իրականությունը գիտեն երեքը` Մովսեսը, նրան սպանողն ու Աստված։ Ընտանիքը, սակայն, նշում է, որ Մովսեսը երբեք աչքի չի ընկել ագրեսիվ վարքով` աշխատասեր, պարտաճանաչ և հարգված տղա է եղել։ Ի դեպ, 4 եղբայրներով էլ նույն գործն են արել` ջերմատաքացուցիչներ են տեղադրել, հոսանքալարեր մոտնաժել։ Տարիքը կապ չունի` բոլորն էլ աշխատել են և օգնել ծնողներին ինչով կարողացել են։

Ծնողներն ասում են, որ երեխաներին ոչ մի կերպ չեն խառնելու այս ամբողջ գործընթացին` դատ–դատաստանին։ Տիկին Լիլիկը նշում է` իր տղաները որևէ մեկի հետ թշնամություն չպետք է անեն, քեն չպահեն։ Կնոջ խոսքով` չնայած իրենք դժվար կյանք են ունեցել, սակայն երեխաները լավ վարքով միշտ աչքի են ընկել քաղաքում։

«Օր է եղել` երեխաներս միայն ջուր են խմած եղել, բայց երբ դրսում որևէ մեկը կոնֆետ է առաջարկել երեխաներիս, չեն վերցրել` ասելով, թե արդեն կերել են։ Մենք շատ ծանր կյանք ենք տեսել` ես ու ամուսինս փայտ ենք կտրել, ծովը (խմբ. Սևանին այստեղ ծով են ասում) մտել, որ ձուկ հանենք՝ երեխաները սոված չմնան, բայց երջանիկ ենք եղել, որ իրար ունենք: Միշտ մտածել եմ, որ ամեն աշխատանք էլ մարդու համար է։ Հիմա էլ սպասում եմ` որևէ մեկը կանչի իր տունը մաքրելու, որ գնամ, ապրուստի փող ունենանք»,-ասում է տիկին Լիլիկը, ու առանց այն էլ ուռած աչքերը նորից թրջվում են։

Ծնողները և երեք եղբայրները

© Sputnik / Aram Nersesyan

Կնոջ մեծ որդին` Սրապիոնը, գալիս է, մոր կողքը նստում, փաթաթվում նրան, շոյում գլուխն ու հիշեցնում, որ պետք է ուժեղ լինի։ Սրապիոնը մորը մխիթարելուն զուգահեռ պատմում է, որ Մովսեսն անոթների խնդիր ուներ` ոտքի կոճի մոտ սևացել էին երակները, ասես այրված լիներ։ Ծառայության մեկնելուց առաջ ստուգումների ժամանակ ասել էին, որ պետք է ավելի մանրամասն զննության ենթարկվի, բայց Մովսեսը կամավորագրվել է, որպեսզի մեկնի ծառայության։

«Մովսեսն ասում էր` մամ ջան, գիտես ինչ հպարտ եմ, որ գիտեմ քեզ եմ պաշտպանում։ Ինքն իր ոտքի ցավերը խեղդելով, իր ուժերից վեր բաներ էր անում, որ զորքին չասեն` Մովսեսը լավ չի վազել, բոլորդ նորից վազեք։ Ու հիմա իր համածառայակցի ձեռքով գնաց»,–ասում է Սրապիոնը` հավելելով, որ ծառայության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, բողոքներ էլ չեն հնչել, քանի որ Մովսեսը հոգեբանորեն պատրաստ է մեկնել ծառայության։

Սրապիոնը պատմում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որին, ի դեպ, նա կամավորագրվել և մասնակցել է, Մովսեսին և Հովսեփի հետ Արցախ է գնացել։ Ավագ եղբայրը ցանկացել է, որ բանակ մեկնող եղբայրները տեսնեին, թե ինչ ասել է թշնամի, ինչ սպասեն նրանից։ Նա նշում է, որ չնայած ծնողները դժվարությամբ են մեծացրել իրենց, սակայն երբ մեծացել են, հասկացել են, որ 4 տղաներով` 4 սյուներով ամուր կանգնած է իրենց տունը։ Իսկ հիմա, երբ այդ սյուներից մեկը չկա, Սրապիոնը վախենում է, որ ուժեղ քամուց տունը կարող է փլվել։

Տղայի խոսքի վրա տիկին Լիլիկը կրկին հուզվում է` ասելով, որ արդեն իսկ փլվել է ամեն ինչ։ Օրեր անց երկու աղջիկները, ավագ որդին տուն կգնան, Հովսեփը կմեկնի ծառայության, իսկ շուտով` ամռանը, արդեն փոքր տղան կմեկնի ծառայության և տունը լրիվ կդատարկվի…

Արցունքների միջից տիկին Լիլիկը նշում է` ինքը շատ երեխաներ է ունեցել, որ իրարով ապրեն, որևէ մեկն իրեն մենակ չզգա…

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Խոշոր հրդեհ Բաքվում

38

By

Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում գտնվող շենքում:

Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել։

Կարդալ ավելին

Լրահոս

Ադրբեջանցի զիծառայողն ինքնասպան է եղել

44

By

Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող Ռազգուլիև Ռամիզ Խագանին ինքնասպան է եղել Բաքվի սահմանապահ ծառայության պետական հոսպիտալում։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

Կարդալ ավելին

Բլոգ

Լսել վիգենխաչատրյաններին ու վահագնալեքսանյաններին եւ շուրթերդ չպղծել հայհոյանքով՝ գրեթե անհնարին է

54

By

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է. 

Լսել վիգենխաչատրյաններին ու վահագնալեքսանյաններին եւ շուրթերդ չպղծել հայհոյանքով՝ գրեթե անհնարին է։ Դրանց լսելիս ոչ միայն լեքսիկոնդ է փչանում, այլեւ սելի ու սելվորի պատմությունն ես հիշում։ Իսկ ամենից լավ դրանց հասցեին երեկ արտահայտվել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը․ ի պատասխան հայտնի ուսապարկի՝ լրագրողների հասցեին ասված «մարմնավաճառ» բառի, գրել էր․ «Մարմնավաճա՞ռ, ա՛յ հայրենավաճառ»։

Երեկվանից լրատվական դաշտը վրդովված է այս չպատգամավորների լեքսիկոնից եւ մի ամբողջ համքարությանն ուղղված վիրավորանքներից։ Ծրագրեր են մշակում՝ ինչպես վրեժ լուծել- պատժել, հիշում են, թե սրանք ով էին «մինչ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո», որտեղից են հայտնվել երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում։ Բայց խնդիրն այդ մեկ-երկուսը չեն․ երբ մի ողջ թիմ լռում է, երբ իշխանական ու իշխանամերձ դաշտից դատապարտումի խոսքեր չեն հնչում, պարզ է դառնում, որ սա այս առանձնյակների անդաստիարակության եւ լափառոշության հետեւանքը չէ միայն, այլ մանրակրկիտ մտածված քաղաքականություն՝ իրենց առաջնորդի եւ ողջ քաղաքական թիմի կողմից հետեւողականորեն իրականացվող։

Մինչդեռ այս թիմն էր, որ մինչեւ 2018-ի մայիսը երդվում էր լրագրողների արեւով, մի խմբագրությունից մյուսն էր վազում, ողջ օրը հարցազրույցներ տալիս ու հոդվածներ գրում, ընկերություն անում լրագրողների հետ, երազում մեզ հետ սուրճ խմել ու զրուցել, ամենակարեւորը՝ խրախուսում, որ գործող իշխանություններին «լավ քլնգենք»։ Ի՞նչ պատահեց 2018-ի մայիսից հետո։ Մենք, ինչպես մինչ 2018-ը, այնպես էլ 2018-ից հետո նույն գործն ենք անում՝ լուսաբանում ենք, քննադատում ենք, հետաքննում ենք, սուր հացադրումներ ենք անում։ Այդ իրենք են դարձել հարյուր տարվա բյուրոկրատներ ու մամուլի ոխերիմ թշնամիներ։

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Բլոգ

Զգուշացնում եմ այդ սրիկաներին, արդեն մի քանիսի տեղեկությունները տվել ենք ԱԱԾ-ին, ֆեյքերի ժամանակներն ավարտվելու են. Ն. Հոխիկյան

52

By

Հայաստանում կան մարդիկ, որոնք փողով կամ այլ նպատակներով ստեղծում են Facebook-ի կեղծ էջեր կամ կայքեր և դրանցով հայհոյանք ու ատելություն են տարածում, վիրավորանք գրում այլոց հասցեին՝ վստահ լինելով, որ իրենց չեն գտնի, քանի որ իրենց իսկական անուն ազգանունով կամ իսկական նկարով չեն։

Քանի որ արդեն ունենք կոնկրետ արդյունքներ, կարող եմ զգուշացնել բոլոր այդ սրիկաներին։ Ոչ ոք չի ազատվելու պատժից, ոչ մի հայհոյանք ու վիրավորանք, կեղծ տեղեկություն անպատիժ չի մնալու։ Արդեն մի քանի հոգու գտել ենք և նրանց մասին տեղեկությունները փոխանցել ԱԱԾ-ին։ Պետական մարմինները կզբաղվե՞ն դրանցով, կպատժե՞ն, լավ։ Չեն անի, ավելի վատ այդ ֆեյքերի հեղինակների համար, քանի որ նրանց անունները և բնակության հասցեները հրապարակային ենք դարձնելու, և նրանց պատիժը տալու ենք հանրությանը։

Հատ-հատ այդպես գտնվելու և պատժվելու են բոլոր ֆեյքերը։ Շատերի մասին էլ արդեն որոշ տեղեկություններ կան։ Դրանք մշակում ենք և ճշտում բնակության վայրերը։

Այնպես որ, շուտով ֆեյքերի ժամանակները ավարտվելու են, արդեն սկսել են ավարտվել։ Բայց նրանք շատ խիստ են պատժվելու՝ երանի տալով մինչ ֆեյքային ժամանակներին։

Նաիրի Հոխիկյան

Լրագրող, մեդիափորձագետ

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ